Նորություններ

Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի և նախակրթարանի հավաստագիր է տրվել «Օհանյան» կրթահամալիրին

«Միջազգային բակալավրիատի» (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School) ծրագրով կրթության կազմակերպման հավաստագիր է տրվել «Օհանյան» կրթահամալիրին և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանին:

Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված ապագա առաջնորդների ձևավորմանը։

Մեթոդաբանության առանցքում ընկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը, ինչն իրականացվում է միջառարկայական և վերառարկայական կապերի ապահովման, մանկավարժների համագործակցային պլանավորման միջոցով։timthumb

Միջազգային բակալավրիատն իր անդամների գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների ընթացքում թիրախավորում է կառավարման, կրթական ծրագրերի, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդների, ռեսուրսների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Մանկավարժների ընթացիկ միջազգային վերապատրաստումները ծրագրի առաջնային պահանջներից են։

«Միջազգային բակալավրիատը» համաշխարհային ճանաչում է ձեռք բերել քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անձնական զարգացումը շեշտադրող խիստ ակադեմիական ծրագրերի շնորհիվ։

Նախադպրոցական և տարրական դասարանների ծրագիրը (PYP) նախատեսված է 3-12 տարեկան սաների համար և կենտրոնանում է նրանց ինտելեկտուալ, սոցիալ-հուզական հմտությունների զարգացման վրա՝ խթանելով ցկյանս ուսումնառությունը և նախաձեռնողականությունն արագ զարգացող աշխարհում։

Կրթօջախն այս անդամակցությամբ ձեռք է բերել հասանելիություն ռեսուրսների հարուստ ընտրանու, ուսուցիչների համար մասնագիտական զարգացման լայն հնարավորությունների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող հեղինակավոր ՄԲ համաշխարհային դպրոցների ցանցին։

Այս համագործակցությունը դպրոցին հնարավորություն է տալիս զարգացնելու կրթության բովանդակությունը, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ռեսուրսները։

Միայն IB կազմակերպության կողմից լիազորված դպրոցները կարող են առաջարկել չորս ակադեմիական ծրագրերից որևէ մեկը՝ կրտսեր դպրոցի ծրագիր (PYP), միջին դպրոցի ծրագիր (MYP), դիպլոմային ծրագիր (DP) կամ կարիերայի ծրագիր (CP)։ Թեկնածուի կարգավիճակը երաշխիք չի տալիս, որ թույլտվություն կտրվի: IB-ի և նրա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ibo.org