Մեր ձեռքբերումները

Կրթահամալիրն իր  գործունեության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք միտված են եղել ուսուցման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրների լուծմանը:


«
Մայքրոսոֆթ» ընկերություն 

  • Կրթահամալիրում կիրառվող նորարարական մեթոդները տարածելու նպատակով կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության կողմից հայտարարված «Նորարար դպրոցներ» մրցույթին: Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցելու համար  հայտ էին ներկայացրել աշխարհի գրեթե 200 երկրների դպրոցներ: Մայքրոսոֆթ ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» դպրոցական ծրագրերի ժյուրիի հավաստմամբ` «Օհանյան» կրթահամալիրը ճանաչվել է աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը: Հաստատված որակավորումը հնարավորություն է տվել կրթահամալիրի աշակերտներին և անձնակազմին լինելու արդի կրթական գործընթացի կիզակետում և շուրջ մեկ տարի մասնակցելու վիրտուալ սեմինարներին և քննարկումներին, ներդնելու և կիրառելու աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծելու նորարարական  կրթական մեթոդներ:
  • 2010-2011 ուստարում Մայքրոսոֆթի Հայաստանի ներկայացուցչության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում կրթահամալիրը ճանաչվել է ՀՀ նորարար դպրոց` արժանանալով 1-ին կարգի դիպլոմի և իրավունք ստացել մասնակցելու միջազգային մրցույթին:
  • 2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ միջազգային ընկերության «Միջազգային Նորարար դպրոց» մրցույթին, ճանաչվել է որպես «Միջազգային Նորարար դպրոց»  և իրավունք ստացել մասնակցելու ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում կայացած միջազգային ֆորումին:
  • 2011-2012 ուստարում կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանի ներկայացուցչության կողմից կազմակերպված  «Էներգիա և շրջակա միջավայր-2012» ծրագրին, որի արդյունքում «Օհանյան» կրթահամալիրի ներկայացրած  4 աշխատանքներից 3-ը դարձել են հաղթողներ և ներկայացվել միջազգային մրցույթի, իսկ նրանցից 1-ը գրավել է 2-րդ տեղը։
  • 2012թ. կրթահամալիրն արժանացել է «Նորարար ուսուցիչ» ծրագրի շրջանակներում 1 գլխավոր, 1 առաջին և 1 խրախուսական մրցանակների, իսկ գլխավոր մրցանակակիրը մասնակցել է Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում կայացած Եվրոպական Նորարար ուսուցիչների միջազգային ֆորումին:
  • Մայրքրոսոֆթի «Փորձագետ ուսուցիչ» ծրագրի կողմից  կրթահամալիրի երկու ուսուցիչներ 2015թ. կրկին ճանաչվել են որպես  նորարար փորձագետ մանկավարժներ:
  • Մայքրոսոֆթ ընկերության կողմից 2014թ. կրթահամալիրը արժանացել է միջազգային «Փորձագետ ուսուցիչ» ծրագրի գլխավոր մրցանակին և մասնակցել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած միջազգային ֆորումին:
  • Կրթահամալիրը մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ ԿԳՆ աջակցությամբ տարբեր առարկաների գծով առցանց կրթական դասընթացների ստեղծմանը:
  • Կրթահամալիրի երկու ներկայացուցիչներ Հայծառ նախագծի շրջանակներում նոր նախագծերի և ծրագրերի քննարկման նպատակով այցելել են ԱՄՆ, ուր և փորձի փոխանակման նպատակով եղել են Բոստոնի տարրական, միջին և ավագ դպրոցներում՝ ուսումնասիրել նաև Գիտություն առարկայի դրվածքը և կրթական նորագույն մեթոդները:
  • Կրթահամալիրը 2014-15 ուստարվա ընթացքում իրականացրել է Մայքրոսոֆթ ընկերության կողմից կազմակերպված «Գլոբալ ձեռներեցության մարտահրավերներ» բիզնես-նախագիծը, որին մասնակցում էին կրթահամալիրի շուրջ տասը ուսուցիչներ և վաթսուն աշակերտներ:
  • 2019թ. ապրիլի դրությամբ՝ կրթահամալիրի տասնյակից ավելի ուսուցիչներ ճանաչվել են Մայքրոսոֆթի «Նորարար ուսուցիչներ», իսկ չորս ուսուցիչներ ճանաչվել են Մայքրոսոֆթի միջազգային «Փորձագետ ուսուցիչներ»:


ԵՄ
«Իթվինինգ»

  • Արժանահիշատակ է նաև անդամակցությունը «Իթվինինգ» նախագծին, բազմաթիվ ձեռքբերումներ, հաղթանակներ իթվինինգյան նախագծերի շրջանակներում, որոնցից նշանակալի է կրթահամալիրի մանկավարժների շրջանում «Իթվինինգի»  դեսպաններ ունենալը և Եվրոպական հավաստագրի արժանանալը, ինչպես նաև մասնակցությունը Իթվինինգի ֆորումներին Հայաստանում և Հայաստանից դուրս:
  • 2017թ․ դեկտեմբերին Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» ծրագրի հնգամյա ամփոփիչ համաժողովի Որակի ազգային մրցանակաբաշխության շրջանակում ինչպես Որակի ազգային, այնպես էլ Որակի եվրոպական հավաստագրերի, պատվոգրերի ու խրախուսական մրցանակների են արժանացել «Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները:
  • 2018թ. մայիսին Իթվինինգ հարթակում կատարված աշխատանքների, իրականացված նախագծերի արդյունքում կրթահամալիրը ճանաչվել է eTwinning դպրոց:
  • 2018թ․ հոկտեմբերին «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի շրջանակներում «Օհանյան» կրթահամալիրում անց են կացվել հանդիպում-սեմինարներ, որոնք վարել են կրթահամալիրի մանկավարժները՝ որպես «Իթվինինգ Եվրոպա» և «Իթվինինգ Երևան» ծրագրերի դեսպաններ:
  • 2019թ. ապրիլի դրությամբ՝ Իթվինինգ եվրոպական համագործակցության հարթակում ընդգրկված են կրթահամալիրի ուսուցիչների վաթսուն տոկոսից ավելին, որոնցից երկուսը Իթվինինգի դեսպաններ են: Ունենք հարյուրի հասնող մասնակցության հավաստագրեր, մի քանի տասնյակ Ազգային և Միջազգային որակի հավաստագրեր, նույնքան իրականացված և ընթացիկ նախագծեր, ՀՀ և միջազգային սեմինարներին պարբերաբար մասնակցող ներկայացուցիչներ:


Հեղինակային
ծրագիր 

«Օհանյան» կրթահամալիրում “ԳՏՃՄ+արվեստ” (STEAM) ծրագիրը 2015 թվականից ԿԳՄՍ նախարարի հրամանով ներդրված էր որպես փորձարարական ծրագիր։ Ուրախ ենք տեղեկացնելու, որ ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի 1758-Ա/2 հրամանով ծրագիրն արդեն իսկ հաստատվել է գործածության՝ որպես հեղինակային համալիր ծրագիր։ Կրթահամալիրի Գլխավոր տնօրեն Սուսաննա Օհանյանի և մեթոդական աշխատանքային խմբի կողմից մշակված հեղինակային ծրագիրը գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա (ճարտարագիտություն), մաթեմատիկա և արվեստ առարկաների ուսուցմանն ուղղված համակցված, վերջնարդյունքահեն ծրագիր է: Նշենք, որ ծրագրի ներդրումն ապահովվում է Սուսաննա Օհանյանի կողմից մշակված գրքերով, ինչպես նաև Սինգապուրյան մեթոդաբանությամբ, ուղեցույցներով և դասագրքերով։ «Օհանյան» կրթահամալիրի այս նախաձեռնությունը միտված է ապագայի մրցունակ քաղաքացիներ կրթելուն, սերունդ, որը չի խորշի STEM ուղղություններից և կարիերա կկառուցի այս ոլորտներում։


Միջազգային
բակալավրիատ 

«Օհանյան» կրթահամալիրը հանդիսանում է Միջազգային բակալավրիատի PYP ծրագրի հավակնորդ դպրոց (International Baccalaureate-PYP (3-12 տարեկաններ))։ Դպրոցը Միջազգային բակալավրիատի աշխարհի դպրոցների ցանցի անդամակցության գործընթացում է։ Միջազգային բակալավրիատի դպրոցներն ունեն կրթության փիլիսոփայության համանման մոտեցումներ, ինչպես նաև ունեն բարձրորակ միջազգային կրթություն ապահովելու ձգտում, ինչն «Օհանյան» կրթահամալիրը համարում է առաջնային իր աշակերտների համար։

*Միայն IB կազմակերպության կողմից լիազորված դպրոցները կարող են առաջարկել չորս ակադեմիական ծրագրերից որևէ մեկը՝ կրտսեր դպրոցի ծրագիր (PYP), միջին դպրոցի ծրագիր (MYP), դիպլոմային ծրագիր (DP) կամ կարիերայի ծրագիր (CP)։ Թեկնածուի կարգավիճակը երաշխիք չի տալիս, որ թույլտվություն կտրվի: IB-ի և նրա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ibo.org

Միջազգային բակալավրիատի ծրագրերում ներգրավված ուսումնառողները բնութագրվում են որպես բաց հայացքների տեր, լայնախոհ, սկզբունքային և կազմակերպված, համարձակ, հաղորդակցվող, հավասարակշռված, բանիմաց, հոգատար և ապրումակցող, հետաքրքրվող, մտածող և ինքնավերլուծող։


Այլ
ձեռքբերումներ

  • ՀՀ ԿԳ նախարարության ԿՏԱԿ-ի կողմից 2015թ. «Տարվա լավագույն ուսուցիչ» նոմինացիան նորից պատկանում էր կրթահամալիրին:
  • Կրթահամալիրի մի շարք ուսուցիչներ մասնակցել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված Մեդիագրագիտություն դասընթացին:
  • 2017թ. մայիսի 31-ին «Օհանյան» կրթահամալիրում տեղի ունեցած Գիտության ամենամյա փառատոնի շրջանակներում կայացել է նաև նախադեպը չունեցող «Գիտության այբբենարան» ձեռնարկի շնորհանդեսը: Այն 2019թ.-ից կիրառվում է ԱՄՆ-ի և Էստոնիայի հայկական դպրոցներում:
  • 2017-18 ուստարվա ընթացքում «Օհանյան» կրթահամալիրը հանդես է եկել նոր համագործակցությամբ ԻմԴպրոց կրթական օնլայն հարթակի հետ՝ մոտավորապես 900-րդ հորիզոնականից հայտնվելով 14-րդ հորիզոնականում՝ աշակերտների և ուսուցիչների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ:
  • 2018թ. նոյեմբերին Էյ Թի Փի կազմակերպության հետ նոր համագործակցության արդյունքում  իրականացվել է թղթի վերամշակման նախագիծ՝ բնապահպանման, բնօգտագործման նկատառումներով:
  • «Օհանյան» կրթահամալիրը շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախաձեռնությունների շարքում միացել է Recycleit ծրագրին, որն իրականացվում է ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities ընկերության կողմից:
  • 2018-19 ուստարում կրթահամալիրն ակտիվորեն համագործակցում է Մեդիանախաձեռնությունների կենտրոնի հետ՝ մասնակցելով ուսուցիչների վերապատրաստումներին, կազմակերպելով Մեդիագրագիտության շաբաթներ, այցելություններ Մեդիանախաձեռնությունների կենտրոն:
  • Կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետները 2019թ․ մասնակցել են Հայաստանի Ազգային Ճարտարագիտական Լաբորատորիաներ (ՀԱՃԼ, ANEL) կազմակերպության կողմից անցկացված ռոբոտաշինության ծրագրավորման LabView – Lego Mindstorms EV3 դասընթացին: Արդյունքում ավելի բարձր մակարդակի վրա կդրվեն կրթահամալիրում դասավանդվող Լեգո-կառուցողական հմտություններ և Ռոբոտաշինություն ծրագրերը:

Քիչ չեն նաև աշակերտների անհատական ձեռքբերումները: Առհասարակ բոլոր նախագծերի կենտրոնում աշակերտներն են, որոնք էլ իրականացնում են վերոնշյալ ծրագրերը՝ արժանանալով հավաստագրերի և պատվոգրերի: Նշված միջազգային նախագծերին զուգահեռ՝ քիչ չեն նաև ձեռքբերումները համաքաղաքային  և հանրապետական կրթական ծրագրերում և նախագծերում:

Կրթահամալիրը կարևորել է նաև ուսուցիչների երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների, օժտված և սփյուռքահայ երեխաների անվճար և մասնակի զեղչային համակարգով ուսուցումը: Ներկա վիճակում արդեն չորրորդ տարին է, անվճար հիմունքներով սովորում են սիրիահայ երկու երեխաներ: