Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական էր «Օհանյան կրթահամալիրի» համար․ վերջապես ավարտեցինք մեր նոր մասնաճյուղի վերանորոգումը՝ օհանյանականների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ։ Այս պատերն իմաստավորված են կրթական բազմաբնույթ ծրագրերով, արտացոլում են երեխայակենտրոն ուսուցման և ուսումնառության մեթոդները, որոնք կիրառում է մեր երեխայասեր ու հմուտ աշխատակազմը՝ իր կայուն արժեհամակարգով և կրթական փիլիսոփայությամբ։
Մենք կրթում ենք ապագա առաջնորդների, ովքեր իրենց սերնդակիցների հետ կերտելու են Հայաստանի ապագան, լինելու են հետազոտող, հետաքրքրասեր նորարարներ, փոփոխության գործակալներ։ Մեր սաները լինելու են համայնքի, երկրի, մոլորակի համամարդկային խնդիրներով հետաքրքրված, լուծումներ ապահովող անհատներ։
Կրթահամալիրի միջազգային կրթական ծրագրերի հիմքում ոչ միայն աշխարհի լավագույն փորձի ներդրումն ու տեղայնացումն է, այլև ազգային առանձնահատկություններն ու արժեհամակարգը համագործակից դպրոցներին և միջազգային հանրույթին ներկայացնելը․ իսկ ներկայացնելու համար նախ պետք է ճանաչել ազգայինը։
Մենք հավատում ենք մեր սաների փայլուն ապագային, որի սաղմերը կդրվեն երեխա-մանկավարժ-ծնող սերտ համագործակցությամբ։
Բարի երթ, սիրելի՛ սաներ։