«Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր ավագ դպրոցում
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate-IB) «Դիպլոմա» ծրագիր (Diploma Programme-DP): Այսպիսով, «Օհանյանը» կրթահամալիրը Հայաստանում եզակի միջազգային դպրոցներից է, որն առաջարկում է IB կրթական ծրագրերի շարունակական շղթան՝ արդեն իսկ լիազորված լինելով նաև նախադպրոցական և տարրական դասարանների ծրագրով (PYP)։
Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը նախատեսված է 16-ից 19 տարեկան աշակերտների համար։ Ծրագիրը ձևավորված է այնպես, որպեսզի ապահովվի խորացված գիտելիքներ տարբեր ոլորտներում՝ միաժամանակ խրախուսելով միջմշակութային ըմբռնում, միջազգային մտածողության զարգացում, պատասխանատվության զգացում, համայնքային ներգրավվածություն և այլն։ Այն զարգացնում է աշակերտի քննադատական մտածողությունը և հետազոտական կարողությունները, ինչն առանցքային է հաջողակ ապագա առաջնորդների ձևավորման նպատակով։ Ծրագիրն օգնում է ձևավորել ինքնուրույն, վստահ և նախաձեռնող երիտասարդներ։
Միջազգային բակալավրիատի դիպլոմը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Եվրոպայում և այլուր։ Շատ համալսարաններ ոչ միայն ընդունում են, այլ նաև լրացուցիչ միավորներ են տրամադրում DP առարկաների համար։ IB սովորողներն առավել մրցունակ են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային կրթական և մասնագիտական դաշտում։
Լիազորումը շնորհվել է ՄԲ կազմակերպության կողմից՝ խիստ և բազմաշերտ գնահատման գործընթացից հետո, որի ընթացքում գնահատվել են դպրոցի ուսումնական միջավայրը և ենթակառուցվածքները, ուսուցիչների պատրաստվածությունը, կրթական ծրագրեը, տրամադրվող ծառայությունները և կրթական միջավայրի համապատասխանությունը միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ։
Այս ձեռքբերումը կրթահամալիրի համար բացում է նոր հորիզոններ՝ նպաստելու ժամանակակից մտածողություն ունեցող, նախաձեռնող և պատասխանատու սերնդի՝ ապագա առաջնորդների ձևավորմանը։